Չինաստանի հարավ-արեւմուտքում հնագույն դեղձերի կորիզներ են հայտնաբերել: Այդ մրգերը, պարզվել է,   2,5 մլն տարեկան են եւ ի հայտ են եկել այդ տարածքում մարդկանց հայտնվելուց առաջ: 

Գտածոներն իրենց ձեւով չեն տարբերվում ժամանակակից կորիզներից, սակայն չափերով այդ մրգերը խիստ զիջել են խանութներում վաճառվող դեղձերին. դրանց տրամագիծը  5 սանտիմետրից ավելի  չի եղել, կարծում են գիտնականները: 

Կորիզները հայտնաբերել էին 2010-ին` Յունան նահանգում ճանապարհի շինարարության ժամանակ: Դրանք հողի այնպիսի շերտում էին, որը վերագրվում է պլիոցենի ժամանակաշրջանին   (5,3-2,6 մլն տարի առաջ): Բայց այնքան նման էին ժամանակակից կորիզների, որ տեղացի կենսաբանը այն ԱՄՆ-էր ուղարկել` ուսումնասիրելու:   Գիտնականները պարզել են, որ կորիզի ներսում միջուկը երկաթով է փոխարինվել, իսկ կեղեւը վերաբյուրեղացել է, ինչը մեծ հնության նշան է, տեղեկացնում է  Lenta-ն: 

Չինաստանում դեղձի 8 հազար տարեկան կորիզներ հայտնաբերվել էին նեոլիթի շրջանի բնակավայրերում  (օրինակ` Չժեցզյան նահանգում):

Նոր բացահայտումը հուշում է, որ դեղձը էվոլյուցիա է ապրել ոչ միայն բնական ընտրության շրջանակում, այլեւ` մարդու ազդեցությամբ: Հավանական է, որ այդ մրգերը սննդային արժեքավոր ռեսուրս էին խոշոր պրիմատների, այդ թվում նաեւ` վերացած   Homo erectus-ի համար: