«Իսլամական պետության» դեմ միջազգային պայքար մղելիս պետք է հստակ պատկերացնել, թե ով է մեր թշնամին։ ՆԱՏՕ-ն ուզում է ԻՊ-ի դեմ պայքարում ակնհայտորեն բարձրացնել իր անդամ Թուրքիայի անվտանգության մակարդակը եւ առաջին հերթին նրա օդային պաշտպանությունը՝ մոռանալով, որ ԻՊ-ն առհասարակ օդային զենք չունի։ Մյուս կողմից Թուրքիան անցյալ շաբաթ ապացուցեց, որ ինքը ոչ միայն պատրաստ է, այլ նաեւ ի վիճակի է ռուսական ռմբակոծիչներ խոցել։ Այս մասին Deutsche Welle գերմանական պարբերականում գրում է խմբագիր Քրիստոֆ Հասելբախը։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ղեկավար ուժերը ամուր կանգնել են թուրքերի թիկունքին եւ պնդում են, որ Թուրքիայի դիրքորոշումը ճիշտ է, քանի որ Անկարան իր օդային սահմանը պաշտպանելու իրավունք ունի։ Սակայն Սու-24 օդանավը խոցելը միայն լարում է իրավիճակը։ Ռուսաստանը Թուրքիայի դեմ տնտեսական միջոցներ է ձեռնարկում եւ Անկարային մեղադրում է ԻՊ-ից նավթ գնելու մեջ։ Մոսկվան ՀՕՊ համալիրներ է տեղակայում Լաթաքիայում, իսկ Թուրքիան Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում ոչ թե ԻՊ-ի դեմ կռվելու, այլ Ասադին ընդդիմադիր չափավոր ընդդիմության դիրքերը ռմբակոծելու մեջ»,- գրում է հեղինակը։
Հոդվածագիրը նշում է, որ Սիրիայի հարցում բախվել են Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը։ «Իրականում առաջին հերթին այստեղ ակնհայտ է շահերի բախումը։ Ռուսաստանն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ պայքարելու ԻՊ-ի, ինչպես նաեւ մյուս խմբավորումների, որոնց աջակցում է ԱՄՆ-ը։ Թուրքիան Ասադի դեմ է եւ ԻՊ-ին օգտագործում է Ասադի եւ քրդերի դեմ պայքարում։ Սակայն միաժամանակ Թուրքիան ԻՊ-ին պաշտոնապես իրեն թշնամի է հայտարարում»,- շարունակում է հոդվածագիրը եւ հարցադրում անում, թե ի վերջո ինչ տեսք պետք է ունենա ԻՊ-ի դեմ գործող միջազգային կոալիցիան։ «Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Թուրքիայի ՀՕՊ համակարգերն ուժեղացնելը ռուսական օդանավը խոցելու հետ կապ չունի։ Բայց այդ դեպքում դա միայն կուժեղացնի լարվածությունը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Այստեղ միայն ՆԱՏՕ-ի արեւելյան որոշ դաշնակիցներն են շատ գոհ մնում, որ դաշինքի անդամներից մեկը վերջապես մեկ անգամ Ռուսաստանին իր «տեղն է դրել»։
Սակայն նման էսկալացիայի կարիքը ՆԱՏՕ-ն հիմա հաստատ չունի։ Վտանգավոր է հատկապես այն, որ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ին օգտագործել իր նպատակների համար եւ Ռուսաստանի դեմ օգտագործել։ Իսկ կողքից նայողն ու ծիծաղողը ԻՊ-ն է լինելու»,- եզրափակում է հեղինակը։





























