Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մայիսի 20-ին մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի 2-ամսյա կալանքի որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է իրենց բողոքը, որից հետո դիմել են Վճռաբեկ դատարան:
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին առաջին ատյանի դատարանը որոշել է 2 ամսով երկարացնել Բուդաղյանի կալանքի ժամկետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում կալանավորվել են Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:
Արա Բուդաղյանը Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիքի ու վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է:





























