Թուրքիան նախապես պլանավորած ակցիա է իրականացրել՝ հարվածելով ռուսական ռազմական օդանավին եւ թաքնվել ՆԱՏՕ-ի թիկունքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Ռուս-թուրքական հարաբերությունների սրման ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, ներկայումս Ռուսաստանը միջուկային տերություն է, իսկ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, հետեւաբար նրանց ուղղակի բախումը կհանգեցնի աշխարհի վերջի: «Ես պարզապես վստահ եմ, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սրումը չի հանգեցնի ռազմական բախման, քանի որ այդ երկու երկրները տարբեր ռազմական եւ ռազմաքաղաքական ներուժ ունեն: Ես ռազմական գործողություններ սկսելու նախադրյալներ չեմ տեսնում»,-ասել է Հարությունյանը: Պաշտպանության նախկին նախարարը միաժամանակ չի բացառել Ռուսաստանի կողմից Սիրիայում ցամաքային գործողությունը:





























