Աշտարակ քաղաքում բնակվող Հակոբ Հարությունյանը, որի 3-ամսական դստեր դին հոկտեմբերի 14-ին հայտնաբերվել էր իր գետնափոր տնակի հարեւանությամբ, համոզված է, որ, երեխայի սպանության մեջ իր երկրորդ կնոջը՝ Արմինեին  մեղադրելով, իրենից փորձում են վրեժ լուծել:

«Ես շատ անձնական հակառակորդներ ունեմ վաղուցվա: Մեր հին տան հարեւաններն են, իմ բարեկամներից են, որ կարող են նման բան անել: Համոզված եմ, որ էսպես անձնական հաշիվներ են փորձում մաքրել իմ հետ: Աշտարակի ոստիկանապետին համոզել էին, որ սպանություն է հաստատ: Թե չէ ինքը ինչ իրավունքով է մեղադրում մեզ:  Ինձ ասում էր՝ եթե կինդ չի սպանել, ուրեմն դու ես սպանել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հարությունյանը:

Հակոբ Հարությունյանը նշեց, որ իր երկրորդ կնոջ երկու երեխաներին մանկատուն չտանելու խնդրանքով դիմում է ուղարկել համապասխան մարմիններին. «Պահանջել եմ, որ քանի դեռ կնոջս մեղավորությունն ապացուցված չէ, երեխաներին ոչ մի տեղ չտանեն: Արմինեն անմեղ տեղն է գտնվում բանտում: Ես գիտեմ, որ իմ երեխեն իրա մահով ա մահացել: Թե ինչի նման պատմություն սարքեցին, չեմ հասկանում»:

Նշենք, որ Արմինեի երեխաներին խնամում է նրանց հետ մեկ տանիքի տակ ապրող՝ Հակոբ Հարությունյանի առաջին կինը՝ Անժելան: Անժելան, որ մեզ հետ զրույցում ասել էր, որ Հակոբի հետ ապրում է որպես գործընկերուհի, երկու երեխա ունի: Նրանք դեպքից հետո գետնափոր տնակից տեղափոխվել էին հանրակացարանում:

Նշենք, որ 38-ամյա Արմինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 304-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն), նա կալանավորված է: Նշանակվել է դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննություն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ին ոստիկանությունը Աշտարակի «Վանա լիճ» կոչվող թաղամասում՝ գետնափոր կիսակառույց շինության տնամերձ հողատարածքում, 3-ամսական երեխայի դի է հայտնաբերել: Պարզվել է, որ երեխային թաղել են ընտանիքի անդամները 7 տարի առաջ: Նրա մայրը՝ Անժելան, որը երեխայի հոր առաջին կինն է ու ապրում է ամուսնու, իր երկու երեխաների, ամուսնու երկրորդ կնոջ ու նրա երեխաների հետ, պատմել է, որ երեխան մահացել է ամուսնու երկրորդ կնոջ կողմից քարով հասցված հարվածից: Նա ասել է, որ դեպքը պատահել է, երբ ինքը տանը չի եղել, իրեն դրա մասին պատմել է սկեսուրը:

Ընտանիքի հարեւանուհին NEWS.am-ին պատմել էր, որ ընտանիքի հայրը՝ Հակոբը, սկզբում ամուսնացած է եղել Անժելայի հետ, տարիներ հետո տուն է բերել Արմինեին: Նա առաջին կնոջից ունի 2, երկրորդից՝ 3 զավակ: Անժելան հարեւանուհուն ասել է, որ ինքը շարունակել է ապրել Հակոբի հետ որպես գործընկերուհի, երբ Հակոբն ամուսնացել է Արմինեի հետ: Ընտանիքն ապրում էր գետնափոր կիսակառույց տանը, ընտանիքի բոլոր անդամները քնում էին միասին՝ դրանում տեղավորվող միակ երկտեղանոց մահճակալին: