Գարի Կասպարովը վաճառել էր թագը, որպեսզի օգնի հայ փախստականներին։ Այս մասին հայտնել է FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։

Նրա խոսքով՝ Կասպարովի հետ բիզնեսը չի ստացվել։ «Ընդամենը մի անգամ ես գնեցի նրա թագը։ 1990թ., երբ նա հաղթել էր Կարպովի հետ չեմպիոնական խաղում, Kоrloff ոսկերչական ընկերությունը նրան թագ էր հանձնել, որը զարդարված էր 1118 սեւ եւ սպիտակ ադամանդներով։ Նա որոշել էր վաճառել այդ թագը, իսկ գումարը փոխանցել հայ փախստականներին։ Անգամ ինչ-որ գնորդ կար, ոմն արաբ շեյխ։ Բայց շեյխն ինչ-որ պահի անհետացավ, իսկ Կասպարովը փախստականներին արդեն գումար էր խոստացել։ Այդ ժամանակ էլ ես գնեցի թագը»,- պատմել է Իլյումժինովը, որը չի հայտնել գումարի չափը, սակայն նշել է, որ գործարքը կնքվել է Շվեյցարիայում։