Եթե Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ չվերականգնվեն հարաբերությունները, այդ հակամարտությունը կարող է ի դերեւ հանել  «Իսլամական պետությունը» ոչնչացնելու եւ Սիրիայում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու բոլոր փորձերը, գրում է   The National Interest ամսագիրը:

Հոդվածի հեղինակի կարծիքով, Ռուսաստան-Թուրքիա վեճում հաղթողներ չեն լինի: Այս դիմակայությունը սոսկ համաշխարհային հանրությանը կշեղի երկու գլխավոր խնդրից` Մերձավոր Արեւելքի հակամարտությունից եւ ահաբեկչությունից:  Եվ առայժմ Վաշինգթոնը բավականաչափ «առաջնորդական որակներ եւ հեռատեսություն» հանդես  չի բերում դրանց լուծման համար: 

Նշվում է, որ հնարավոր է խուսափել Սիրիայում ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների սրումից` սիրիական օդային տարածքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու միջոցով: Մանավանդ որ իրավիճակի սրումը հակասում է ԱՄՆ-ի եւ հենց դաշինքի շահերին:  

Ստեղծված իրավիճակում ամերիկացի եւ եվրոպացի առաջնորդները պիտի թույլ չտան ռուս-թուրքական հակամարտության սրում, սակայն պիտի շարունակեն աջակցել իրենց դաշնակից Թուրքիային, ընդգծում է պարբերականը:  Արեւմտյան երկրները պիտի նաեւ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին աջակցեն Ֆեթուլլահ Գյուլենի գործի հետաքննության հարցում, որը Թուրքիայում ծայրահեղական կազմակերպություն է հռչակվել, գրում է  Gazeta-ն:

Մերձավոր Արեւելքի նկատմամբ ԱՄՆ-ը պիտի համալիր ռազմավարություն մշակի, որը բավարարի բոլոր կողմերին, նշում է  The National Interest-ի սյունակագիրը: Միաժամանակ չարժե մոռանալ Սիրիայի փոքրամասնությունների մասին, որոնց թվին են պատկանում ալավիները, քրիստոնյաները եւ քրդերը:  

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերքում է ԻՊ-ից նավթ գնելու վերաբերյալ Ռուսաստանի մեղադրանքները: