Որեւէ քաղաքական ուժի գործողությունների մասին խոսելիս՝ պետք է հիշել նրա  քաղաքական պատմությունը,  որից հետո որոշել՝ լո՞ւրջ, թե՞ անլուրջ վերաբերվել  նրա գործին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն՝ անդրադառնալով «Ժառանգություն»  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի  վճռական պայքարին։

«Հիշեք, թե 2013-ին ինչ հայտարարություններ էր անում Րաֆֆին ու ի՞նչ արեց։ Որպեսզի իր խոսքը լուրջ ընդունես, ուսումնասիրեք իր գործը։ Նա վճռական հայտարարություններ էր անում, բայց որ գալիս էր էդ պահը վճռական չէր, հասարակությունը լավ գիտի դրա մասին։ Մեկ վստահում են, գնում են հետեւից եւ եթե տեսնում է, որ ունի խոսքի եւ գործի հակասություններ, այելսւ չեն վստահում,  երկրորդ անգամ նրա որեւէ հայտարարությանը լուրջ չեն վերաբերվի»,-ասաց իշխանական պատգամավորը։

Ինչ վերաբերում է «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչ ժիրայր Սեֆիլյանի  տարաբնույթ ընդվզումներով հանրաքվեն կասեցնելու հայտարարություններին, Նիկոյանը հիշեցրեց  օրենքի սահմանափակումների մասին․

«Իրենք ասում են ընդվզումների մասին, եթե այդ ընդզվում կոչեցյալը օրենքի շրջանակում է, ինչքան ուզում են, թող անեն։ Իսկ ՀՀԿ գրասենյակի մոտ  ծաղիկներ դնելը անհեթեթ վարքագիծ էր։ Եթե նրանք գնում են նման անհեթեթ քայլերի, նշանակում է, որ մարդկանց , մասսաների վրա չեն հենված։  Թե որտեղ կդնեն ծաղիկները, դա իրենց խնդիրն է,  բայց դա արդյունավետ չէ»։