Ռուսաստանը վերջին 500 տարվա ընթացքում 17 անգամ պատերազմում հաղթել է Թուրքիային, եւ վերջին միջադեպը՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծիչը խոցելու հետ, ամենայն հավանականությամբ, նույնպես կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, գրում է The Globe and Mail-ը:

Մերձավոր Արեւելքի քաղաքականության հարցերի Վաշինգթոնի ինստիտուտի վերլուծաբան Սոներ Չագափթայը կարծում է, որ Թուրքիան արդեն պարտվել է այս մարտը: Նա հույս ուներ, որ իրեն կհաջողվի ոչնչացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը եւ իշխանության կգան իր դաշնակից ընդդիմադիր խմբավորումները:

Սակայն Ռուսաստանի ռազմական գործողությունները թաղեցին այդ հույսերը, եւ Անկարան որոշեց խոցել ռուսական օդանավը՝ փորձելով փոխել իրավիճակը, կարծում է հոդվածի հեղինակը:

«Ես կարծում եմ, որ Թուրքիան փորձել է սեպ խրել ՆԱՏՕ-ի երկրների եւ Ռուսաստանի միջեւ»,-ասել է Կանադայի գլոբալ քաղաքականության ինստիտուտի աշխատակից Ջորջ Պետրոլեկասը՝ հավելելով, որ Ռուսաստանն իր հայտարարություններով, որ Թուրքիան նավթ է գնում ահաբեկիչներից, ստիպել է ՆԱՏՕ-ին ավելի լրջորեն հետեւել Անկարայի գործողություններին:

Նշվում է, որ հիմա Թուրքիային մնում է միայն «կառչել նրանից, ինչ մնացել է Սիրիային վերաբերող իր հավակնություններից», մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է որ գոհ լինի իրենից: Պարբերականի ներկայացմամբ, Պուտինի ժամանակին միջամտությունը թույլ տվեց պահպանել Ասադի իշխանությունը եւ նպաստել ահաբեկչության դեմ միասնական կոալիցիայի ձեւավորմանը, հաղորդում է Gazeta-ն: