Մոսկվայի մատույցներում շարունակվում է ոստիկանության եւ հեռավոր ուղեւորությունների վարորդների դիմակայությունը, որոնք բողոքում են դաշնային «Պլատոն» ավտոճանապարհներով խոշոր բեռնատարների ուղերթի դիմաց տուրքերի գանձման համակարգի ներդրումից:  Սպասելով մասնակիցների թվով ամենամեծաքանակ բողոքի ակցիային, որը նախատեսված է այսօր` դեկտեմբերի  4-ին, ռուսական մայրաքաղաքի մատույցներում բազմաթիվ բեռնատարներ են կուտակվել, տեղեկացնում է   «Նոր օր» պարբերականը:

Բեռնատարների մի մասը կենտրոնացել է «Մեգա» ԱԿ-ի կայանատեղիում` Խիմկիներում    (մոտ 2 կմ մինչեւ ՄՕԱՃ).: Ինչպես  Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լրագրող Եգոր Մաքսիմովը, հեռավոր ուղեւորությունների վարորդները այս տարածքում են հայտնվել  դեկտեմբերի 3-ի երեկոյան, ՃՊԾ-ի աշխատակիցների գործողությունների արդյունքում: Նա պատմել է, որ հեռավոր ուղեւորությունների վարորդների հավաքատեղի էր ընտրվել Մոսկվայից   30 կմ հեռու գտնվող մի վայր: Մեծ բեռնատարների կուտակումը ՃՊԾ-ի աշխատակիցների ուշադրությունն էր գրավել: Իշխանության ներկայացուցիչներին հաջողվել էր բանակցությունների արդյունքում  վարորդներին համոզել տեղափոխվել նոր վայր, որտեղ նրանց հետ իբր կհանդիպեր Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը: Սակայն երբ բեռնատարները հայտնվել էին նշված վայրում, այնտեղ տեսել էին  «կանգառն արգելված է» ճանապարհային նշանը:

Հեռավոր ուղեւորությունների վարորդների խոսքով, այդ նշանը տեղադրել էին իրենց գալուց կարճ ժամանակ առաջ: Շուտով մոտեցնել էին Ճանապարհային երթեւեկության անվտանգության գլխավոր տեսչության աշխատակիցները եւ սկսել էին տուգանքներ գրել կայանման կանոնները խախտելու համար` վարորդներին ստիպելով շարժվել Մոսկվայի ուղղությամբ: 

Ինչպես տեղեկացնում է «Արծաթյա անձրեւը», այժմ բեռնատարների մեծ մասը կենտրոնացած է տարբեր ճանապարհների կայանատեղիներում` ռուսական մայրաքաղաքի մոտակայքում:  Գաղտնի է պահվում, թե երբ  տեղի կունենա զանգվածային երթը դեպի Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհ: Վարորդները մտադիր են զբաղեցնել ՄՕԱՃ-ի աջակողմյան գծերը եւ ընթանալ նվազագույն արագությամբ, ինչը Մոսկվայում տրանսպորտային կաթված կառաջացնի: