ՀՀԿ խմբակցության պատգամավոր «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը թեեւ մշտապես եղել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու ջատագով, սակայն անդամագրման մոտ մեկ տարվա ընթացքում չի կարող առանձնացնել դրա արդյունքն ու հետեւանքը։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե մոտ մեկ տարվա ընթացքում ԵՏՄ անդամակցությունն ինչպես անդրադարձավ մեր երկրի տնտեսության վրա, նա պատասխանեց. «Ես ինքս միշտ եղել եմ կողմնակից այդ միությանը, իսկ այս մեկ տարվա համար դրական կամ բացասական գնահատական տալ չեմ կարող օբյեկտիվ պատճառով։ Մեկ տարուց ավելի է, որ ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել, որը մեծ բացասական ազդեցություն ունի մեր հանրապետության վրա»: Նրա խոսքով, դրական ու բացասական գնահատականներ կարող է տալ միայն ռուբլու կարգավորվելուց հետո։
Անդրադառնալով Ռուսաստան-Թուրքիա տնտեսական փոխադարձ պատժամիջոցներին, Հակոբ Հակոբյանը ասաց, որ Հայաստանն օգուտ կարող է քաղել ռուսական շուկայից միայն այն դեպքում, եթե այդ սանկցիաները երկարատեւ բնույթ կրեն։
«Երկու գերտերության կռվի մեջ պետք չի խառնվենք։ Օգուտ քաղել, իհարկե, կարելի է ռուսական շուկայից։ Այսինքն՝ բոլորս գիտենք, որ ռուսական շուկայում մեծ ծավալի թուրքական ապրանք կա, հիմա չի լինելու, բացվելու է շուկան, խոսքը տարբեր տեսակի սննդի մասին է, բայց միանգամից արտադրել ու մտնել շուկա, բոլորս էլ գիտենք՝ հնարավոր չէ։ Եթե այդ սանկցիաները երկար լինեն, մենք մեր չափով ռուսական շուկայում տեղ կունենանք։ Իհարկե, ոչ Թուրքիայի չափով»,-նշեց Հակոբ Հակոբյանը՝ շեշտելով, որ ինքը մշտապես խուսափել է եւ թուրքական ապրանքից, եւ թուրքական տուրիստական ծառայություններից։



























