Սայեդ Ռիզվան Ֆարուկը, որը կնոջ հետ զանգվածային սպանություն էր իրականացրել կալիֆոռնիական Սան Բերնանդինոյում, կապի մեջ է եղել առնվազն երկու ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում` Սիրիայում Ալ Քաիդայի ստորաբաժանման` «Ջեբհեթ ան–Նուսրայի» հետ։ Այս մսին Los Angeles Times–ին տեղեկացրել են ԱՄՆ իրավապահ մարմինները։
Ֆարուկի կինը` Տաշվին Մալիկը, հարձակումից րոպեներ առաջ «Ֆեյսբքում» գրառում է արել, որով իր հավատարմությունն է հայտնել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ–Բաղդադիին։
Գործակալները փորձում են ուսումնասիրել ամուսինների կապերը ԱՄՆ–ում եւ արտասահմանում, հատկապես Պակիստանում։ Այդ երկրում ծնվել է Մալիկը եւ հյուրընկալվել է Ֆարուկը, որի ծնողները էթնիկ պակիստանցիներ են։ Ենթադրվում է, որ նրանք կապ ունեն սիրիական «Ջեբհաթ ան–Նուսրայի» եւ սոմալիական «Աշ–Շաբաբի» հետ։
Սան Բերնանդինոյում հրաձգությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2–ին։ Հանցագործները ներխուժել էին սոցիալական ապահովության կենտրոնի սրահ եւ կրակ բացել այնտեղ գնտվող մարդկանց ուղղությամբ, ինչի հետեւանքով 14 մարդ զոհվել էր, 21–ը` վիրավորվել։ Ամուսինները սպանվել էին իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ։



























