ՆԱՏՕ-ն բոլոր հիմքերն ունի ագրեսիվ եւ անհուսալի պահվածքի պատճառով Թուրքիային դաշինքից հեռացնելու շուրջ մտորելու համար: Նման կարծիք է հայտնել Քաթոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող, The National Interest-ի խմբագիր Թեդ Գալեն Քարփենթերը: Նրա խոսքով՝ ռուսական Սու 24 օդանավի վրա հարձակումը ընդամենը մեկն է այն միջադեպերից, որոնք արդեն վաղուց պետք է առաջ բերեին ՆԱՏՕ-ի անդամ երկրների մտահոգությունը:
Թուրքական օդանավերը միայն 2014թ. ավելի քան 2 հազար անգամ խախտել են Հունաստանի օդային սահմանը: Հունաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ստիպված են ռազմական բյուջեի զգալի մասը տրամադրել օտար օդանավերը բռնելուն:
Ռուսաստանի օդանավի միջադեպը տագնապի առիթ է տալիս: Բարեբախտաբար ՌԴ կառավարությունը սահմանափակվեց դեռ միայն տնտեսական պատժամիջոցներով: Սակայն ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինը հստակ հասկացնել տվեց, որ նման միջադեպի կրկնությունը կհանգեցնի շատ ավելի լուրջ հետեւանքների: Այժմ ՆԱՏՕ-ի Կանոնակարգի 5-րդ հոդվածի կիրառման հարցը (այն նախատեսում է հավաքական ինքնապաշտպանություն) տեսական հարթակից տեղափոխվում է գործնական, կարծում է հեղինակը:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ դեռեւս 1974թ. Թուրքիան ոչ միայն ներթափանցեց Կիպրոս, այլ նաեւ օկուպացրեց կղզու 37 տոկոսը եւ դուրս մղեց տեղաբնակներին իրենց հողերից: Այդ ենթատեքստում հեղինակը նշում է, որ արեւմտյան ուժերը չպետք է դատապարտեն Ուկրաինայում ՌԴ գործողությունները, եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը նմանատիպ արարք է գործել:
ՆԱՏՕ-ի ղեկավարների համար վերջին կաթիլը պետք է դառնա ԻՊ-ի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը: Թուրքիան Սաուդյան Արաբիայի եւ Կատարի հետ աջակցում է սուննիական խմբավորումներին, որոնք արդյունքում միավորվեցին ԻՊ-ի հետ, եւ հենց նրանց ցուցաբերած օգնության արդյունքում է ԻՊ-ի ձեռքում այդքան զենք հավաքվել: Անգամ հասկանալով, թե ինչ հրեշավոր կառույց է «Իսլամական պետությունը»՝ Անկարան մտադիր չէ պայքարել խմբավորման դեմ եւ զբաղվում է քրդերի դիրքերի թուլացմամբ: Ավելին՝ Թուրքիան ԻՊ-ին թույլ է տալիս նավթ մատակարարել սիրիական սահմանից, որը, դուրս գալով համաշխարհային շուկա, թույլ է տալիս ահաբեկչական խմբավորմանը եկամուտներ ստանալ:
ՆԱՏՕ-ի համար բավականին վատ իրավիճակ է ստեղծվել, երբ նրանից ակնկալում են ողջամտությունը կորցրած, ագրեսիվ դաշնակցի աջակցություն, որը կարող է դաշինքի մյուս անդամներին ներքաշել միջուկային տերության դեմ աղետալի պատերազմի մեջ: Սակայն ամենավատն այն է, որ այդ «դաշնակիցը» ակնհայտ նշաններ է ցուցադրում, որ ինքը 5-րդ շարասյուն է հանդիսանում՝ օգնելով թշնամուն, որին ՆԱՏՕ-ն խոստացել է ոչնչացնել: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համար ժամանակն է սթափ գնահատել իրենց այսպես կոչված դաշնակցին: Պետք է լուրջ վերաբերել նաեւ այն հարցին, թե չարժի արդյոք Թուրքիային բացառել ՆԱՏՕ-ից, եզրափակում է հեղինակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























