Բրիտանական The Beatles խմբի «Սպիտակ ալբոմի» («White Album») հազվագյուտ նմուշը, որն առաջ պատկանում էր հարվածային գործիքներ նվագող Ռինգո Սթարին, աճուրդում վաճառվել է 790 հազար դոլարով: Ալբոմը թողարկվել էր Մեծ Բրիտանիայում 1968 թ, նրա սերիական համարն է ««A0000001».
Կազմակերպիչների խոսքով ձայնասկավառակը գերազանցել է այն ռեկորդը, որը սահմանվել է այս տարի, երբ աճուրդում 300 հազարով վաճառվել էր Էլվիս Փրեսլիի առաջին երաժշտական ձայնագրությունը, որն արվել է 1953 թ. ամռանը, հայտնում է Associated Press- –ը՝ վկայակոչելով Julien’s Auctions առեւտրի տունը, հայտնում է Lenta–ն:
Դեկտեմբերի 5-ին 2.2 մլն դոլարով աճուրդում վաճառվել է հարվածային գործիքների սարքավորումը, որը Սթարին էր պատկանում: Այդ նույն աճուրդի շրջանակում Ջոն Լենոնի կիթառը վաճառվել է 910 հազար դոլարով: Լենոնը ժամանակին այն նվիրել էր Սթարին:
Աճուրդը անցել է Բեվերլի Հիլզում (Քալիֆորնիա նահանգ): Երկօրյա աճուրդում ցուցադրվել է ավելի քան 800 առարկա, որոնք պատկանում էին Ռինգո Սթարին ու նրա կնոջը՝ դերասանուհի Բարբարա Բախին: Ստացված գումարը հատկացվելու է մանկական հիմնադրամի կարիքներին, որի ղեկավարը Սթարն ու Բախն են ու որը զբաղվում է սոցիալական ապահովության հարցերով:




























