27 տարի առաջ երկրաշարժի հետեւանքով իր 3 սենյականոց բնակարանը կորցնելուց հետո, Մարգո Մելիքսեթյանը մյուս գյումրեցիների նման հերթագրվեց որպես անօթեւան: Սակայն, նրան բնակարան ստանալու հույս էլ չտվեցին. մեկ փաստաթուղթ պակասում էր:

«Հերթագրվելու ժամանակ, թղթեր էին ուզում՝ մի մասը հավաքեցի, ընդամենը մեկ թուղթ էր պակասում  մեկ ստորագրությամբ:  Քանի որ այդ ժամանակ մարդիկ բոլորը լքում էին  հանրապետությունը , ես այդպես էլ չկարողացա  ձեռք բերել այդ մեկ ստորագրությամբ թուղթը, փաստաթղթերն ընդունող հանձնաժողովականներն ինձ կարճ պատասխանեցին՝ գնա տուն, դու չես կարող հերթագրվել, ես լաց լինելով եկա ու շարունակեցի ապրել այս դղյակում»,-ասում է կյանքի ծանր պայմաններում հումորը չկորցրած գյումրեցի 70-ամյա տատիկը:

Մեկ օրում տարիների ստեղծածը կորցրած Մարգո տատը 27 տարվա ընթացքում սովորեց երկու որդիների, թոռան ու ամուսնու հետ ապրել մի քանի մետր տարածքում, փտած ու խոնավ պատերով վագոն-տնակում, բայց իր երազանքներից չհրաժարվեց.  70-ամյա կինը երազում է գոնե փոքր որդու հարսանիքը քարաշեն բնակարանում անել:

«Տղայիս ամուսնանալու ժանական է, բայց ինչպե՞ս պսակեմ, հարսին ու՞ր բերեմ այս մեկ սենյակի մեջ»,- ասում է Մարգո տատը: