Հայաստանում դեռեւս ոչ ոք դպրոցի սոված տնօրենի կամ ԲՈՒՀ-ի ռեկտորի չի տեսել։ Այս մասին դեկտեմբերի 7-ին՝ ՀՀ խորհրդարանում «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, ասել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով առաջարկում է ներառել որակի ցուցանիշների համակարգ։
Նրա կարծիքով կրթության որակից խոսելուց առաջ պետք է մտածել, թե կարող է արդյոք Հայաստանում ուսուցիչը դասի ժամանակ մտածել միայն ու միայն որակի, այլ ոչ թե իր ընտանիքի խնդիրների մասին։
«Մեր ուսուցիչներն այն սոցիալական դասին չեն պատկանում, որին պետք է պատկանեն։ Ինչ-որ մեկը կասի, թե ոչինչ չես կարող անել, համակարգում գումար չկա։ Բայց ընդհակառակը, համակարգը գումար ունի, միայն դա սովորողներից եւ նրանց ընտանիքներից միանգամից վերեւներ են գնում։ Այդ պատճառով մեզ մոտ ոչ ոք դեռ չի տեսել դպրոցի սոված տնօրենի կամ ԲՈՒՀ-ի ռեկտորի։ Իսկ ուսուցչուհին դասի է գալիս 20 տարվա վերարկուով»,- ասել է Ուրիխանյանը։



























