Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի ինքնագրիչ սարքը հայտնաբերվել եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից փոխանցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:  

«Մենք ակտիվորեն աշխատում էինք այն տարածքում, որտեղ դիրքավորվել էին մեր օդաչուին գնդակահարած զինյալները, այլ բառ չեմ կարող գտնել: Այդ աշխատանքի արդյունքում այդ տարածքներն ազատագրվել են հատուկ ջոկատայինների եւ սիրիական բանակի ուժերով: Սիրիացի զինվորականները, հետազոտելով տարածքը, հայտնաբերել են մեր ինքնաթիռի ընկնելու վայրը»,- Պուտինի հետ հանդիպմանն ասել է Շոյգուն:

Ըստ ՏԱՍՍ-ի, նախարարն ասել է, որ բանդիտներն արագորեն հեռացել են այդ տարածքից: «Նրանք ոչինչ չեն հասցրել հանել ինքնաթիռից, եւ հայտնաբերել ենք ինքնագրիչ սարքը, որը հասցրել ենք այստեղ»,- նշել է Շոյգուն: