Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կոչերի անհրաժեշտությունը չկա, քանի որ ՀՀ իշխանություններն ու պատկան մարմինները օպերատիվ արձագանքել են ընտրախախտումների մասին հրապարակումներին:
«Այս հանրաքվեի ընթացքում պատկան մարմինները շատ հետեւողական եւ օպերատիվ են արձագանքել բոլոր տեղեկատվություններին, որոնք կապված են ընտրախախտումների հետ: Խոսքս վերաբերում է եւ լրագրողների աշխատանքը խոընդոտելուն, եւ քվեարկության իրավունքի վերաբերյալ խախտումներին, այսինքն՝ ուրիշ փոխարեն կամ մեկից ավելի անգամ քվեարկությանը: Ինչ վերաբերում է ԵՄ-ի եւ ԱՄՆ Պետդեպի կոչերը մեր իսկ գործողություններին համահունչ են, այնպես որ մենք կարծում ենք, որ նման կոչերի կարիքն էլ չի զգացվում, քանի որ օպերատիվ աշխատանք է կատարվել»,- այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են գնահատում ԵՄ պատվիրակության եւ ԱՄՆ պետդեպի կոչերը, թե պետք է հետեւողական լինել բոլոր ընտրախախտումների նկատմամբ:
Հերմինե Նաղդալյանը վստահեցրեց, որ իշխանությունն անելու է հնարավորը, որ հաջորդ ընտրություններին խնդիրները, խախտումներն ավելին քիչ լինեն:
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը):
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824:




























