Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Hayastan MMA Academy ակումբի նախագահ Գոքոր Չիվիչյանը 16 տարեկանում Հայաստանից մեկնել է 2 նպատակի համար՝ սպորտում հասնել հաջողությունների եւ ունենալ սեփական մարզադպրոցը:  ԱՄՆ մեկնած Գոքորին նպատակներին հասնելու համար պահանջվել է ավելի քան 30 տարի:

«Հինգ տարեկանից պարապել եմ ըմբշամարտ, սամբո, ձյուդո, իսկ դասերս անում էի այդ պարապմունքների ընթացքում: 1979թ.-ին Հայաստանում մրցումներ էին անցկացվում, որին մասնակցում էին նաեւ ամերիկացի ձյուդոիստներ: Նրանք էլ ինձ հենց հրավիրեցին ԱՄՆ, 1 տարի անց արդեն ընտանիքով մեկնեցինք:  Գնալուց առաջ երկու նպատակ ունեի՝ սպորտում առաջ գնալ եւ իմ սեփական մարզադպրոցն ունենալ: Ամեն օր այս նպատակներիս համար էի աղոթում»,- պատմում է Գոքոր Չիվիչյանը:

Նպատակներին հասնելու համար Չիվիչյանը սկսում է աշխատանք փնտրել եւ հենց այդ ժամանակ էլ առաջարկ է ստանում՝ մենամարտեր անցկացնելու: Ինչպես ինքն է նշում, ոչ ոք չէր վերահսկում մարտերը, դրանք ավելի շուտ վճարովի փողոցային վեճերի էին նման. «Ընտանիքում գիտեին՝ շինարարության վրա եմ աշխատում… Այսպես կարողացա առաջ գնալ ու 3.5-4 տարի անց տուն գնել. մենք երեք եղբայր էինք եւ միշտ երազում էի, որ նույն հողի վրա երեք տուն լինի եւ միասին ապրենք: Այդպես էլ եղավ, եղբայրներով իրար օգնեցինք ու տունը գնեցինք»:

Չիվիչյանն այս ընթացքում էլ շարունակում է մարզվել, մասնակցել առաջնությունների, գավաթներ նվաճել: Մրցակցին հարվածել չսիրող, ավելի հաճախ մրցագորգի վրա աշխատող Չիվիչյանին ուսուցիչը հաճախ էր հորդորում հարվածներ հասցնել:

«Ուսուցիչս ասում էր՝ grapping, grapping, խոսակցականում այդպես էլ մնաց՝ գրապլինգ: Ու այդպես սկսեցին երեխաներ գալ, որ իրենց գրապլինգ սովորեցնեմ: Կարող եմ ասել, որ արդեն 20 տարի տարբեր երկրներում զարգացնում եմ գրապլինգը: Հայաստանում էլ եմ փորձում զարգացնել»,- նշում է Չիվիչյանը:

ԱՄՆ տեղափոխվելուց մի քանի տարի անց Չիվիչյանը որոշում է իրենց բակում բնակվող հայ երեխաներին կտրել փողոցից. վարձում է փոքրիկ տարածք, որտեղ պարապում է 40 երեխայի հետ: Երբ երեխաների թիվը հասնում է 100-ի, Չիվիչյանը որոշում է ընդարձակ տարածք վարձել, բացել մարզադպրոց:

«ԱՄՆ տեղափոխվելուց 30 տարի անց ես վերջապես իրականություն դարձրի նպատակս. բացեցի իմ սեփական մարզադպրոցը, որտեղ այսօր 400 երեխա է սովորում, որից 200-ը հայ են: Ամեն ինչ հասել եմ հատիկ առ հատիկ, տարիներով աշխատելու շնորհիվ: Ինձ ոչ ոք չի օգնել… ԱՄՆ գալուց հետո ես մի քանի տարի քնել եմ՝ կոշիկս գլխիս տակ դնելով: Շատերին թվում է՝ գնացին Ամերիկա, փողը ծառի վրա է աճում: Չկա նման բան, Ամերիկան երկիր է աշխատող մարդու համար»,- ասում է Չիվիչյանը:

Ամերիկյան երազանք առանց կանոնների մարտերի աշխարհի չեմպիոնի համար գոյություն չունի. Չիվիչյանը համոզված է՝ հայերը սխալ պատկերացում ունեն Ամերիկայի մասին. «Գերմանիայում խանութ էի մտել, մի թուրք աղջիկ էր աշխատում, ասացին, որ Ամերիկայից եմ եկել, նայեց ինձ ու շրջվեց թուրքերեն ասաց՝ սա՞ է Ամերիկայից եկել: Նույնն էլ Հայաստանում է, հայերին Ամերիկան թվում է կինոների նման հրաշալի, բայց պատկերն այլն է: Երբ մենք էինք գնում Ամերիկա, թվում էր՝ բարձր շենքեր են լինելու, բայց տեսանք սովորական տներ. պարզվեց՝ բարձր շենքերը կենտրոնում են: Ամերիկայում դժվար է բոլորի համար: Մի լավ բան կա՝ օրենքը, որը Հայաստանում չկա»:

Արդեն 36 տարի ԱՄՆ-ում բնակվող Գոքոր Չիվիչյանն այսօր մարզադպրոցներ ունի եվրոպական 43 երկրում, 27-ն էլ՝ ամերիկյան քաղաքներում, իսկ Հայաստանում աջակցում է սպորտի զարգացմանը, սակայն իր սեփական մարզադպրոցը բացել չի ուզում: