Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստին այդպես էլ որոշում չի ընդունել հունվարի 8-ի աշխատանքային օրը տեղափոխելու մասին: 

Անցյալ տարիներին Հայաստանում որոշակի ավանդույթ էր ձեւավորվել, երբ Նոր տարվա շեմին կառավարության որոշմամբ բնակչությանը ամանորյա արձակուրդ էր տրվում մինչեւ հունվարի  10-11-ը:

  «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն, Սուրբ ծննդի եւ Նոր տարվա տոները Հայաստանում նշվում են դեկտեմբերի  31-ից մինչեւ հունվարի 6-ը, իսկ հունվարի    7-ը հանրապետությունում ոչ աշխատանքային  օր է, որովհետեւ Քրիստոսի ծննդին հետեւող Մեռելոցն է: 

Ակնկալվում էր, որ կառավարությունն այս անգամ էլ  ուրբաթ օրվա աշխատանքային օրը   (հունվարի 8) կտեղափոխի երկուշաբթի` հունվարի 11-ին կամ էլ հաջորդ շաբաթ օրը` հունվարի  16-ին, սակայն դա տեղի չունեցավ: Այսպիսով`Հայաստանի բնակիչներին Նոր տարվա տոնակատարությունների համար ընդամենը ութ օր է հատկացվել:  

Ինչպես NEWS.am-ին հայտնել են կառավարությունից, հնարավոր է, որ մինչեւ տարվա վերջ կառավարությունը եւս մեկ նիստ անցկացնի, որի ընթացքում պարզաբանվի ձմեռային արձակուրդի հետ կապված իրավիճակը: