«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն կրկին անդրադարձել է Գյումրիի «Մուշ-2» թաղամասի նորակառույց բնակելիներում առկա շինարարական թերություններին:
Մասնավորապես, նշվում է, որ անցած շաբաթ Գյումրիի «Մուշ-2» թաղամասում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված նորակառույց բնակելիներում առկա թերություններն ու բացթողումներն ուսումնասիրելու հարցով քննարկում է տեղի ունեցել ՀՀ նախագահի եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմերի համատեղ աշխատանքային նիստում: Վերջիններս նաեւ շրջայց են կատարել «Մուշ-2» թաղամասում եւ առկա պատկերը ներկայացրել են հանրապետության նախագահին: Որից հետո քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանը արտահերթ խորհրդակցություն է անցկացրել եւ հստակ հանձնարարականներ է տվել թաղամասի բնակելիներում առկա թերությունները վերացնելու ու խնդիրները հնարավորինս կարճ ժամանակում լուծելու մասին:
Իսկ անցած օրը երեկոյան «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քաղաքաշինության նախարարի հանձնարարականով Գյումրիում բնակարանաշինությունը վերահսկող մարմնի պատասխանատու Ա. Սարգսյանը բացթողումների մեջ մեղադրելով հիմնականում շինարարությունն իրականացնող կազմակերպությանը, նշել է, որ թաղամասը շահագործվել է առանց ջրատար եւ կոյուղատար համակարգերի փորձարկման: Ավելին, նա հայտարարել է, թե ներկայումս եւս շինարարությունն իրականացվում է բացթողումներով. «արդեն երրորդ հարկն են կառուցում, բայց հստակ նախագիծ չունեն»,- նշել է վերահսկող մարմնի պատասխանատուն:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն հիշեցնում է, որ դեռեւս բնակելի թաղամասի շահագործումից շատ ամիսներ առաջ`հունվարի 18-ին, իրենք «Գլենդել Հիլզ»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության սեյսմակայունության շուրջ առկա մտահոգությունների առիթով բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ըստ այդմ, ՀԿ-ն ատռաջարկել էր ստեղծել մի հանձնաժողով, որը կանցկացնի ինչպես արդեն կառուցված ու կառուցվող, այնպես էլ առաջիկայում կառուցվելիք շենքերի որակի, ամրության ու սեյսմակայունության հրապարակային ստուգումներ եւ արդյունքները կհանրայնացվի:
«Մեր խորին համոզմամբ անորակ շինարարության իրականացմանը նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ «Գլենդել Հիլզը» աշխատեց փակ ռեժիմով` շինհրապարակի դռները երբեւէ չբացելով անգամ լրատվամիջոցների առջեւ»,- ասված է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հայտարարության մեջ:





























