Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հազարավոր քաղաքագետների նվիրել է «Աշխարհը փոխող բառեր» գիրքը»: Կրեմլը խորհուրդ է տալիս բլոր քաղաքագետներին կարդալ Վլադիմիր Պուտինի հայտնի արտահայտությունների ժողովածուն: Այս մասին РБК-ին պատմել են նախորդ շաբաթվա վերջին նախագահի աշխատակազմում տեղի ունեցած խորհրդակցության մի քանի մասնակիցներ: Այդ խորհրդակցությանը, որն անցկացրել է Կրեմլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, մասնակցել է մոտ 50 մարդ, այդ թվում Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի, եւ Հասարակական պալատի անդամներ:

«Վոլոդինը խոսում էր գրքի մասին: Նա ասաց, որ այն պետք է դառնա յուրաքանչյուր քաղաքագետի սեղանի գիրքը»,-նշել է  հանդիպման մասնակիցներից մեկը:

Խորհրդակցությունից հետո Վոլոդինը քաղաքագետներին է նվիրել այդ գիրքը, որտեղ ամփոփված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածներն ու ելույթները: Դրանք թույլ կտան փոխել արժեքային սկզբունքներն ու ուղենիշները, որոնք ընկած են ներքին ու արտաքին քաղաքական որոշումների հիմքում, ասված է Վոլոդինի նամակում, որը տրվել է գրքի հետ միասին: