20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված եւ 15 օր անց հիվանդանոցում մահացած ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի համար արդարադատության նախարարությունն ամեն ինչ արել է։ Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ իր նշանակումից հետո ինքն անձամբ ամեն օր հետաքրքրվել է եւ հանձնարարել, որ ամեն ինչ կատարվի այնպես, ինչպես պիտի կատարվի։

«Հաջորդ տարվա համար մեր կարեւորագույն հարցերից մեկն էլ բանտային առողջապահությունն է։ Առհասարակ, մենք ցանկացած դեպքի մասով  բացթողումները վեր ենք հանում ու փորձում լուծում տալ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ էր նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ադրբեջանցուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Նրա ազատազրկումից մի քանի տարի անց ծանր հիվանդությունից մահացել է կինը, մեկ տարի առաջ 18 տարեկանում ինքնասպանություն է գործել նրա միակ դուստրը:

Սողոմոն Քոչարյանի մահից հետո քրգործ է հարուցվել ՔԿՀ աշխատակիցների դեմ պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու համար: