Տունը, ուր երկրորդ գալստյան ժամանակ պետք է «վերադառնա» Հիսուսը, աճուրդի է հանվել եւ վաճառվելու է գարնանը, հայտնում է The Telegraph-ը։ Շքեղ առանձնատունը 1928թ. կառուցել էր Գրիսքոմ ընտանիքը։ Տան տիրուհին բնակվում էր հարեւանությամբ գտնվող համեստ տնակում։ Թեոսոփեստների կրոնական կազմակերպության անդամները պարբերաբար մաքրում էին եւ կարգի բերում տունը՝ սպասելով Քրիստոսի գալստյանը, ով պետք է իշխեր երկրի վրա այդ տնից, փոխանցում է Lifenews-ը։
Ի սկզբանե տունը կառուցվել էր որպես թեոսոփեստների հանդիպման ամառային վայր։ Սակայն տան տերերը հազվադեպ էին մտնում այդ տուն, եւ շուտով շշուկներ տարածվեցին, թե տունը կառուցվել է Փրկչի համար։ 1958թ. Ժենեվեւա Գրիսքոմի մահից հետո կազմակերպությունը ցրվել էր, իսկ տունը՝ հանվել աճուրդի։ Ներկայիս սեփականատերը նույնպես որոշել է առանձնատունը վաճառքի հանել։
Այն գտնվում է Նյու Յորքի նահանգի Բրոնքս քաղաքում եւ ունի 17 սենյակ՝ 7 ննջարան, 5 լոգարան, մարզասրահ, սաունա եւ աշխատասենյակ։




























