«Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվից տուժած 18 քաղաքացիներն իրենց օգնելու խնդրանով դիմել են «Տաշիր» խմբի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին, որպեսզի վերջինը օգնի իրենց ավարտին հասցնել իրենց համար կառուցվող շենքը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժած քաղաքացիներից Ռուզաննա Վարդանյանը` նշելով, որ իրենց տեղեկացրել են, որ գործարարը կպատասխանի իրենց խնդրանքին տոներից հետո: Նա նշեց, որ խաբված քաղաքացիները, որոնք իրենց բնակարաններն ակնկալում են ստանալ «Էսկո կոնցեռն» կազմակերպությունից, որին «Նորաշեն 2007»-ը վերավաճառել էր չկառուցված շենքը, դիմել են Սամվել Կարապետյանին, որպեսզի «Էսկո կոնցեռնին» վարկ տրամադրվի շենքը կառուցելու համար:
«Մեզ պատասխանեցին, որ Սամվել Կարապետյանը մեր խնդրին կանդրադառնա տոներից հետո, հույսով սպասում ենք»,-ասաց Ռուզաննա Վարդանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը 18 քաղաքացիներից վերցնելով 155 միլիոն դրամ՝ Բաբաջանյան 25/1 նորակառույց շենքում նրանց բնակարաններ տրամադրելու պայմանով, շենքը դեռ չկառուցած` այն վաճառել է «Էսկո կոնցեռն» ընկերությանը:
«Նորաշեն 2007» ընկերության տնօրինությունը խարդախության համար դատապարտվել է ՝ 5 եւ 6 տարի ազատազրկման, ընկերությունն էլ սնանկ ճանաչվել:
«Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը իր գործունեությունը սկսել է 2007 թ., Երևանում 3 շինություն է կառուցել՝ Գեւորգ Չաուշի 37, Գեւորգ Չաուշի 14/3 եւ Բաբաջանյան 25/1 հասցեներում, որոնք կիսատ են մնացել։




























