Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը 18 ամսվա ազատազրկման է դատապարտվել։ Իսրայելի Գերագույն դատարանը դեկտեմբերի 29-ին մասնակիորեն հաստատել է կաշառակերության գործով նրա բողոքարկումը։ Օլմերթը կդառնա Իսրայելի առաջին նախկին վարչապետը, որը կհայտնվի ճաղերի հետեւում, հայտնում է Jerusalem Post-ը։
«Գերագույն դատարանը մասնակի բավարարել է Էհուդ Օլմերթի բողոքարկումը, որը նա ներկայացրել էր 2014թ. գարնանը կայացրած մեղադրական վճռի դեմ։ Սակայն նա ամեն դեպքում կդառնա Իսրայելի առաջին նախկին վարչապետը, որը կհայտնվի ճաղերի հետեւում»,- գրում է թերթը։
Պարբերականի փոխանցմամբ դատարանը Օլմերթի վրայից հանել է 500 հազար շեկել (ավելի քան 128 հազար դոլար) կաշառք վերցնելու մեղադրանքը, սակայն դատապարտել է 60 հազար շեկելի (15300 դոլար) չափով կաշառք վերցնելու մեջ։ Արդյունքում Օլմերթը բանտում կանցկացնի ոչ թե 6 տարի, այլ 18 ամիս։ Նա իր պատիժը կսկսի կրել 2016թ. փետրվարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսին Թել Ավիվի շրջանային դատարանը Օլմերթին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման, որից 2 տարին՝ պայմանական։




























