Հայտնի են դարձել նոյեմբերի 24-ին մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ հերոսաբար զոհված Օլեգ Պեշկովի՝ «Սու-24» ռմբակոծիչի օդաչուի մարմնի դատաբժշկական փորձաքննության մանրամասները: Բժշկական շրջանակներից աղբյուրների խոսքով, հետմահու Ռուսաստանի հերոսի կոչման արժանացած՝ Օդատիեզերական ուժերի փոխգնդապետի մահվան պատճառն է դարձել 7.62 միլիմետր տրամաչափի «Կալաշնիկով» տեսակի ավտոմատից ստացած հրազենային վիրավորումը: Սակայն մասնագետները միաժամանակ նշում են, որ արդեն մահվանից հետո զոհված սպայի մարմինը դաժան ծաղրուծանակի է ենթարկվել:

«Հայտնաբերվել են բազմաթիվ արյան զեղումներ, որոնք գոյացել են արդեն օրգանիզմի մահվանից հետո»,- պատմում է քննչական մարմինների ներկայացուցիչը:

LifeNews-ի տեղեկություններով, բռնությունների հետքեր են հայտնաբերվել Օլեգ Պեշկովի վզին, մեջքին ու փորին, նաեւ ձեռքերին ու ոտքերին: Հիմնական վնասվածքները բութ առարկայով են հասցվել:

Փորձագետներն առանձին նշում են, որ մի քանի լուրջ վնասվածք է հայտնաբերվել նաեւ զոհված գնդապետի դեմքին: Դրանք նույնպես հասցվել են մահվանից հետո: