2015-ին անհանգստության զգացումն ու վատ կանխազգացումները պատել են բոլոր համաշխարհային տերություններին, գրում է Financial Times-ը:
Նշվում է, որ բացառություն է միայն Հնդկաստանը, որի էլիտաները ոգեւորություն են ապրում վարչապետ Նարենդրա Մոդիի շնորհիվ, որը ջանասիրաբար փորձում է երկրում բարեփոխումներ իրականացնել: Միաժամանակ Ճապոնիան կորցնում է հավատը երկրում արմատական բարեփոխումների նկատմամբ եւ հակվում է այն եզրահանգմանը, որ պետությանը չի հաջողվի հաղթահարել պարտքն ու դեֆլյացիան:
Իրավիճակը վատթարանում է նաեւ Չինաստանի հետ լարված հարաբերությունների հետեւանքով: Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ հենց Չինաստանում իրավիճակը պակաս կայուն է դառնում եւ տնտեսական աճի տեմպերը նվազում են:
Տնտեսական ճգնաժամի եւ Եվրոպայում ահաբեկչական գործողությունների հետեւանքով Եվրոպայում եւս իշխում են «մռայլ տրամադրությունները»: Մինչ Մեծ Բրիտանիան սպառնում է դուրս գալ ԵՄ-ի կազմից, Ֆրանսիան ավելի է հակվում աջակողմյան հայացքների, իսկ եվրոն Գերմանիայի եւ հարավային Եվրոպայի միջեւ տարակարծությունների պատճառ է դառնում, միգրացիոն ճգնաժամը վերջնականապես վատացնում է իրավիճակը եւ «սեպ է խրում» Բեռլինի եւ արեւելաեվրոպական երկրների միջեւ:
Միաժամանակ ԱՄՆ-ում տնտեսական աճ է դիտարկվում, եւ գործազրկության ցուցանիշը 5 տոկոսից էլ ցածր է: Այնուամենայնիվ, այն փաստը, որ հանրապետական Դոնալդ Թրամփը կարող է ամերիկյան նախագահ դառնալ, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը եւս անկման վիճակում է, համարում է հոդվածի հեղինակը:
Անհանգստության հիմնական պատճառ է դառնում անհավասարությունից եւ կոռուպցիայից դժգոհությունը, որն այնպիսի «ուժեղ առաջնորդների» պահանջ է ստեղծում, ինչպիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է կամ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:




























