Ամերիկացի մարկետոլոգները Journal of Consumer Psychology ամսագրում հետազոտություն են հրապարակել, որը պարզել է, որ մարդուն հարց տալով ավելի շատ է հնարավոր ազդել նրա վարքի վրա, քան սովորական խնդրանքով։

Գիտնականները պարզել են, որ հարցական նախադասությունը մարդկանց մոտ հոգեբանական ազդեցություն է ունենում եւ ստիպում է անհարմար զգալ։ Օրինակ՝ «Դուք վերամշակու՞մ եք աղբը» հարցը կարող է ստիպել մարդուն մտածել շրջակա միջավայրի վիճակի մասին եւ նպաստել աղբը ոչնչացնելուն, իսկ «Վերամշակե՛ք աղբը» արտահայտությունը կարող է չունենալ այդ նույն արդյունքը։ Հետազոտողները նաեւ ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ հարցի ազդեցությունն ավելի ուժեղ են լինում, եթե դրանք տալիս է համակարգիչը, եւ մարդն ունի պատասխանելու միայն 2 տարբերակ «այո» կամ «ոչ», հայտնում է Gazeta-ն։

Մարկետոլոգները եկել են այն եզրակացության, որ հարցերը արդյունավետ միջոց են ոչ միայն անձնական վարքի վրա ազդելու, այլ նաեւ սպառողական գնումների եւ սխալները կանխելու վրա։ «Դու հարբած վիճակում կնստե՞ս ղեկին» նախադասությունը կարող է ավելի շատ ազդել մարդու վրա, քան «Հարբած ղեկին մի՛ նստիր» արտահայտությունը։