Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով Ազատության հրապարակում նստացույց անող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակիրների եւ ոստիկանների միջեւ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, քաշքշուկ տեղի ունեցավ:
Նստացույցի մասնակիցները փորձում էին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի
շենքի վրա փակցնել «Նոր Հայաստան» գրությամբ պաստառը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ինչից էլ ոստիկանների եւ նստացույցի մասնակիցների միջեւ քաշքշուկ սկսվեց:
«Նոր Հայաստանի» մի քանի մասնակիցներ այս պահին «Նոր Հայաստան» գրությամբ պաստառը բռնած կանգնել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց:
Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակում իրավիճակը հանգիստ է, այնտեղ է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու մեծ թվով ոստիկաններ:




























