Հյուսիսային Ամերիկան գուցե հայտնաբերել են հին հռոմեացիները: Նման եզրահանգման են եկել հնագետները:
Սիրողական հնագետների խումբը կանադական Նոր Շոտլանդիա նահանգի ափերի մոտ գտնվող Օուկ կղզում նավի կմախք է հայտնաբերել եւ հին հռոմեական գլադիուս թուր: Հենց դա էլ նրանց հուշել է այն միտքը, թե առաջինը հռոմեացիներն են հայտնվել հյուսիսամերիկյան մայրցամաքում:
Ինչպես ասել է անկախ հետազոտող Ջովան Պուլիցերը, ինքը եւ Հին արտեֆակտերի պահպանության ընկերակցության իր գործընկերները մտադիր են հաջորդ տարվա սկզբին համացանցում հարցազրույց հրապարակել, որում կպատմեն այդ բացահայտման մասին: Ինքը` Պուլիցերը վստահ է, որ իր եզրահանգումները գիտնականների հանրության կողմից խիստ քննադատության կարժանանան, տեղեկացնում է Informing-ը:
Հին հռոմեական թուրը հայտնաբերել են տեղի ձկնորսները, որոնք չեն պատմել իրենց գտածոյի մասին, որովհետեւ նահանգում գործող օրենքները բավականին խիստ են եւ արգելում են ջրասույզ եղած նավերից արժեքավոր իրեր հանել: Ինչպես պարզվել է, այն ձկնորսը, որի ձեռքերում հայտնվել էր թուրը, վաղուց մահացել է, այդ պատճառով գտածոն հնագետներին են հանձնել նրա հարազատները:
Իսկ Պուլիցերի խմբի հնագետները սպասում են, թե Նոր Շոտլանդիայի իշխանությունները երբ իրենց թույլ կտան ջրից հանել հին հռոմեական նավը:
Իմիջիայլոց, Օուկ կղզին արդեն վաղուց գրավում է հնության սիրահարների ուշադրությունը, որոնց հայտնի է այնտեղ թաքցված գանձերի մասին:




























