Արագածոտնի մարզի Ուշի գյուղում դեկտեմբերի 29-ին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց ու հայտնվել գյուղապետի այգում` վնասելով նրա մի քանի տասնյակ ծառերն ու միաժամանակ գույքային վնաս պատճառել մեկ այլ գյուղացու: Այս մասին NEWS.am-ին ասաց Ուշիի գյուղապետ Հոմբերտ Աթոյանը:

«Քանդվել է Համբարձում Մարկոսյանին պատկանող գոմի ու հացատան պատը: Բացի այդ` իմ այգու երեսուն հատ ծառը»,- ասաց գյուղապետը:

Գյուղապետը նշեց, որ ապահովագրական ընկերությունն ասել է, որ կփոխհատուցի միայն քանդված պատի դիմաց:

«Մի 3-4 տարի առաջ էլ վթար էր եղել ու ծառերը ջարդվել էին, բայց  ապահովագրական ընկերությունը չփոխհատուցեց: Ինքը տեր ա մենակ օգուտի, վնասի տե՞ր չի»,- ասաց գյուղապետը:

Վթարի ենթարկված բեռնատարի վարորդը Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի է, նա ողնաշարի վնասվածք է ստացել, տեղափոխվել հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում:

Բեռնատարը բեռնված է եղել տարբեր իրերով, որոնք թափվել են այգում եւ մինչեւ այժմ այնտեղ են: Բեռնատարը նույնպես այս պահին դեռ այգում է:

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի