«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ճակատի բերման ենթարկված ներկայացուցիչներից  չորսը ազատ են արձակվել: Ոստիկանությունում է միայն Գրիգոր Եղնուկյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: 

Նշենք, որ ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի տան մոտ բողոքի ակցիա  իրականացնող ակտիվիստներից հինգ հոգու` Գոհար Սարոյանին, Լուսինե Մինասյանին, Արմո Սաֆարյանին, Գրիգոր եւ Հակոբ Եղնուկյաններին  ժամեր առաջ բերման էին ենթարկել Ոստիկանության Մալաթիայի բաժին: 

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնել էին, որ  նրանք բերման  են ենթարկվել սպանության սպառնալիքի ու ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով:  Մինչդեռ ճակատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նման սպառնալիքներ չեն հնչել:  Նշենք, որ Լուսինեն Գեւորգ Սաֆարյանի կինն է, Արմո Սաֆարյանը` եղբայրը:

 «Նոր Հայաստան»  ճակատի համակիրները Գեղամ Խաչատրյանի տան մոտ բողոքի ակցիա էին իրականացրել նրան հասարակական պարսավանքի ենթարկելու նպատակով: Պատճառը եղել է Գեղամ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջի այն գրառումը, որով կապիկներ էր անվանել Ազատության հրապարակում այս օրերին ցույց անողներին: