Նոր Հայաստան փրկության ճակատի երկու ներկայացուցչի` Աշոտ Պետրոսյանին եւ Ժորժիկ Իսայանին, այսօր` հունվարի 3-ին,  բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից` հայտնելով, որ նրանք  բերման են ենթարկվել  ոստիկանության 4-րդ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի տան մոտ  սպառնալիքներ հնչեցնելու գործի շրջանակում:

 Նրանք բերման են ենթարկվել  Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանի մոտից, որտեղ մասնակցում էին  Գեւորգ Սաֆարյանին նվիրված բողոքի ակցիային:

Նշենք, որ այս գործի շրջանակում բերման էր ենթարկվել հինգ քաղաքացի, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել: Քիչ առաջ ազատ է արձակվել նաեւ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գրիգոր Եղնուկյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնել էին, որ  նրանք բերման  են ենթարկվել սպանության սպառնալիքի ու ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով: Ճակատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նման սպառնալիքներ չեն հնչել:

 «Նոր Հայաստան»  ճակատի համակիրները այսօր Գեղամ Խաչատրյանի տան մոտ բողոքի ակցիա էին իրականացրել  այն պատճառով, որ Գեղամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում կապիկներ էր անվանել Ազատության հրապարակում այս օրերին ցույց անողներին: