Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում չընդհատվող ժամանակացույցով շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ սկսվել են նաև մայրաքաղաքի բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների  տանիքներից  կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան  մաքրման աշխատանքները:

Գործընթացը մեկնարկել է կենտրոնական փողոցներում, որտեղ հետիոտնի անցուդարձը համեմատաբար ավելի աշխույժ է: Այդուհետ աշխատանքները կտեղափոխվեն համայնքային նշանակության երկրորդական փողոցներ ու բակային տարածքներ: Այս գործընթացում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում  է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը:  Ներգրավված են նաև  համատիրությունների աշխատակիցները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ աշխատանքները մայրաքաղաքում կծավալվեն այնքան ժամանակ, մինչև իսպառ վերանա սառցալեզվակների ընկնելու վտանգը: Բոլոր դեպքերում, Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է  ցուցաբերել զգուշություն և այս օրերին հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ անցուդարձից: