Երեւանում հունվարի 3-ին շենքի 8-րդ հարկից ընկած ու ողջ մնացած 24-ամյա աղջիկն այսօր՝ հունվարի 5-ին, կտեղափոխվի հիվանդասենյակ։

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 3-ի երեկոյան Հերացի համալսարանական կլինիկա է հոսպիտալացվել 8-րդ հարկից վայր ընկած երիտասարդ աղջիկ, ծանր վիճակում` բազմակի կոտրվածքներով, ոսկրաբեկորներով վնասված ողնուղեղով։ Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններից անմիջապես հետո նյարդավիրաբույժներն աղջկան վիրահատել են։ Վիրահատությունն անցել է հարթ։ Հետվիրահատական շրջանում աղջկա վիճակը կայունացել է, պարզ գիտակցության է եկել։ Վերջույթների թուլությունը պայմանավորված է ողնուղեղի վնասվածքով։ 

«Ձախ ակնակապճի վնասվածք ունի, ձախ թոքի սալջարդ, կրծքային ողերի կոտրվածք: Վիճակը կայուն ծանր է, գիտակցությունը տեղն է»,- NEWS.am-ին հայտնել էր հիվանդանոցի հերթապահ բժիշկ Արթուր Առաքելյանը՝ հավելելով, որ նրա կյանքի վտանգ չի սպառնում։

Հիվանդն այսօր կտեղափոխվի նյարդավիրաբուժության բաժանմունք։ Բժիշկների համատեղ ջանքերով հաջողվեց փրկել 24-ամյա աղջկա կյանքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 3-ին՝ ժամը 23:00-ին Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի բակում ընկած երիտասարդ աղջիկ է հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ 24-ամյա Անի Հայրապետյանը լվացքի պարանների վրա է ընկել, հետո ձնակույտի մեջ, ինչի շնորհիվ ողջ է մնացել: