ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զինված խմբին աջակցելու կասկածանքով ձերբակալված ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը եւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը հերքում են, թե կապ են ունեցել հանցավոր խմբի հետ: Այս մասին NEWS.am-ին ասացին նրանց պաշտպանները:
«Գառնիկ Մարգարյանն ասում է, որեւէ հանցագործություն չի արել, ոչ մի կապ չունի խմբի հետ: Խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի հետ հանդիպել է մեկ անգամ՝ զրուցելու համար Հայաստանի, սիրիահայերի, Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի մասին»,- ասաց Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:
Վլադիմիր Առաքելյանի որդին՝ Տիգրան Առաքելյանը NEWS.am-ին ասաց, որ իրենք բացառում են, որ իր հայրը կապ է ունեցել հանցավոր խմբի հետ:
«Իրեն բոլոր ճանաչողներն էլ գիտեն, որ դա հնարավոր չէ»,- ասաց նա:
Տիգրան Առաքելյանը նշեց, որ հայրը վատառողջ է, մի քանի հիվանդություն ունի:
Հունվարի 16-ին լրանում է Գառնիկ Մարգարյանի եւ Վլադիմիր Առաքելյանի ձերբակալման 72 ժամը եւ նրանք պետք է կալանավորվեն, կամ ազատ արձակվեն:
Հունվարի 15-ին տեղեկություն էր տարածվել, թե դատարանը պետք է քննի կալանավորելու հարցը, մի խումբ ազատամարտիկներ հավաքվել էին դատարանի առջեւ՝ իրենց աջակցությունը հայտնելու Վլադիմիր Առաքելյանին: Նրանք կարճ ժամանակ անց հեռացան, երբ պարզ դարձավ, որ կալանավորելու հարցը կքննվի հունվարի 16-ին:
«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գեւորգի Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի, տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը եղած խմբի 9 անդամները ձերբակալվել, ապա կալանավորվել են: Դրանից հետո նույն գործով տարբեր ժամանակներում կալանավորված անձանց թիվը հասնում է երեք տասնյակի։ Ըստ ԱԱԾ–ի` նրանք ծանր հանցագործություններ էին պատրաստվում իրականացնել ՀՀ տարածքում, այդ թվում` պետական, քաղաքական գործիչների, իշխանության մարմինների նկատմամբ։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցելը եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:




























