Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի տնօրենի աշխատասենյակում հոկտեմբերի 8-ին նռնակ նետած տղամարդը դատապարտվել է 2 ամսվա կալանքի, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Ժամհարյանը հոկտեմբերի 7-ին իրենց ավտոտնակում գտել եւ ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող ձեռքի բեկորային մարտական նռնակ: Հաջորդ օրը Արթուր Ժամհարյանը նռնակը տարել է Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի տնօրենի աշխատասենյակ եւ վախեցնելու նպատակով նետել բազմոցին:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն արագացված կարգով քննել է գործը եւ որոշել Ժամհարյանին դատապարտել 2-ամսյա կալանքի, իսկ պատիժն էլ պայմանականորեն չկիրառել:
Մեղադրող կողը, սակայն, համաձայն չէ դատավճռի հետ եւ արդեն դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումը եւ Ժամհարյանին դատապարտել 2-ամսյա կալանքի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. հոկտեմբերի 8-ին Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախկին աշխատակից Արթուր Ժամհարյանը զայրացած մտել էր տնօրեն Գուրգեն Գեւորգյանի աշխատասենյակ ու նռնակի նմանվող ինչ–որ առարկա գցել բազմոցին: Աշխատասենյակում բացի տնօրենից այլ մարդիկ էլ են եղել, ովքեր կարծել են՝ նռնակ է, եւ խուճապահար դուրս են եկել, ապա ահազանգել իրավապահներին՝ չհասցնելով համոզվել՝ իրականում նռնակ է, թե ոչ։




























