Լատվիայում Ադրբեջանի դեսպանի կնոջ սկանդալային պատմությանը որպես շարունակություն, haqqin.az-ը որոշել է մի քանի նշանակալի մանրամասն պարզել դիվանագետ Էլման Զեյնալովի կյանքից, որը ներկայումս փորձում է հերքել իր թանկագին կեսի մասին տեղեկությունը: Ավելին, ինչպես հայտնի է դարձել, Էլման Զեյնալովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ ընկերների շրջանակին պատկանող դիվանագետներից է եւ հենց նրա առաջ քաշած մարդը:
Իրազեկ աղբյուրների տեղեկություններով, Նազիր Զեյնալովան, պարզվում է, ուղղակի գնացել է ամուսնու հետքերով, որը վաղուց եւ հիմնավորապես ներքաշված է կոռուպցիոն սկանդալներում: Օրինակ` Ադրբեջանի դեսպանի ընկերությունը Ռիգայում հայտնի չեչեն գործարար, AB Holding-ի սեփականատեր Բիսլան Աբդուլմուսլիմովի հետ վաղուց առասպել է դարձել դիվանագիտական շրջանակներում: Նրանց կապվածությունն այնքան ամուր է, որ Բ. Աբդուլմուսլիմովը Է. Զեյնալովին նոր Range Rover է նվիրել: Դիվանագետին չեչեն ընկերոջ հետ բազմիցս տեսել են Ռիգայի ամենանորաոճ ռեստորաններից մեկում` Riviera-ում, որը գտնվում է լատվիական մայրաքաղաքի «դեսպանական շրջանում» եւ, բնականաբար, պատկանում է Աբդուլմուսլիմովին:
Դիվանագետ Է. Զեյնալովն էլ պարտքի տակ չի մնում. հենց նրա շնորհիվ է չեչենալատվիացի գործարարին հաջողվել ամրանալ ադրբեջանական կաթնային շուկայում: Քչերը գիտեն, որ բաքվեցիներին դուր եկած «Երիցուկ» կաթնասերը թողարկվում է Dаugavpils gaļas kombināts-ի կողմից, որը եւս պատկանում է Աբդուլմուսլիմովին: Լուրերի համաձայն, գործարարա-դիվանագիտական զույգը պատրաստվում էր կոմբինատի նաեւ երշիկեղենն արտահանել Բաքու:




























