Սահամանդրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները չեղարկելու եւ իշխանափոխության համար պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի օրակարգում չէ 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելը: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց շարժման քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
«2017թ. ընտրությունների մասին խոսել կնշանակի հորով-մորով անել ոչ լեգիտիմ հանրաքվեն, մեր նպատակն այժմ հանրաքվեի արդյունքների դեմ պայքարելն է եւ այդ մասին միջազգային հանրությանը տեղեկացնելն ու համարժեք գնահատական ստանալը, ոչ թե 2017թ. ընտրությունները»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւս նշեց, որ այժմ Հայաստանում մի շարք այլ խնդիրներ կան լուծելու, եւ 2017թ. ընտրությունների մասին խոսել դեռ վաղ է:
«Մենք այժմ պայքարում ենք իշխանությունների կողմից թույլ տված մի շարք օրինախախտումների դեմ: Մեզ համար անընդունելի է, որ որպես հանցավոր խմբի անդամ անընդհատ կալանավորվում են ազատամարտիկներ, Հայաստանում այդ քանակի ահաբեկիչներ չեն կարող լինել, իշխանությունները պարզապես թույլ չեն տալիս նրանց ազատ արտահայտել իրենց քաղաքական հայացքները»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, շարժման հետագա անելիքների մի մասը կբացահայտեն հունվարի 22-ին:




























