Վրաստանում կորել է Զուգդիդիի շրջանի դատախազը:  «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տեղեկություններով, Պաատա Կիրիան չորս օր առաջ դուրս է եկել տնից, բայց չի վերադարձել: Աշխատանքի էլ չի եկել: 

Հեռուստաընկերությունը նաեւ հաղորդել է, որ մինչեւ անհետացումը Պաատա Կիրիային զանգել է ոմն անհայտ անձ: Դատախազի բջջայինը երկու օր առաջ հայտնաբերվել էր Ռուսթավիի փողոցներից մեկում: Պաատա Կիրիայի գտնվելու վայրն առայժմ չի պարզվել: 

Կորածի հարազատները հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցից հրաժարվել են եւ կոչ են արել բոլոր հարցերով դիմել օրինապահ մարմիններին: Վրաստանի գլխավոր դատախազությունում դատախազի անհետացման փաստը հաստատել են եւ համառոտ տեղեկացրել են, որ տվյալ փաստով հետաքննություն է իրականացվում, տեղեկացնում է «Գրուզիա On-line»-ը:

Մեկ օր առաջ` հունվարի 14-ին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը տեղեկացրել է Փոթիի շրջանային դատախազի մեքենայի գնդակոծման մասին: Միջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերը, մեքենայի ղեկին դատախազ Ալեքսանդր Գոգուաձեն էր: Նրա մեքենայի ուղղությամբ չորս կրակոց էր արձակվել, բայց ինքը` դատախազը չէր տուժել: 

Տվյալ փաստով նաեւ հետաքննություն է իրականացվում: Դատախազների հետ կապված միջադեպերի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների Վրաստանի գլխավոր դատախազությունը չի տիրապետում: