Ակտիվիստ Սյուզի Գեւորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Ըստ ՔԿ հաղորդագրության, Ս. Գեւորգյանը հաղորդում է տվել, որ հունվարի 5-ին ժամը 19:20-ի սահմաններում Երեւանի Կոմիտաս 1 հասցեի մոտ երկու անհայտ տղամարդ հարձակվել են իր վրա, գցել գետնին ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին եւ դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Գեւորգյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ Ս. Գեւորգյանի վրա մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել ձախ աչքի վերին կոպի շրջանի արյունազեղման, գանգուղեղային վնասվածքի ձեւով, ինչը հետեւանք է բութ կոշտ առարկայի ներգործության։ Նշված վնասվածքների հետեւանքով, ըստ փորձագետների, Ս.Գեւորգյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով։

Սյուզաննա Գեւորգյանը լրացուցիչ բացատրությամբ պնդել է իր բողոքը:

Նկատի ունենալով, որ առկա են բավարար հիմքեր եւ օրինական առիթ քրեական գործ հարուցելու համար, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ նրանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։