«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի կողմից իր հասցեին  սպանության սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ Զարուհի Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն Զ.Հովհաննիսյանը հունվարի 5-ին գրավոր հաղորդում է ներկայացրել  ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն առ այն, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր ոմն Անդրե Մակարովը նույն կայքում հաղորդագրությունների միջոցով  իր հասցեին տվել է սպանության սպառնալիքներ:

Պարզվել է, որ Անդրե Մակարովը հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ Անդրանիկ Ավետիսյանը, ով 2016 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22:58-ին, գաղտնի պահելով իր ով լինելը,  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով վիրավորել է նույն ցանցի օգտատեր Զարուհի Հովհաննիսյանին եւ վերջինս հասցեին տվել սպանության սպառնալիքներ, ապա` արգելափակել իր էջը։

Նշված գործողությունները Զարուհի Հովհաննիսյանի մոտ առաջացրել է տագնապի, վտանգի զգացում եւ վերջինս Ա.Ավետիսյանի սպառնալիքներն ընկալել է իրական՝ իրականացման համար ու հաջորդ օրը  ներկայացրել է գրավոր հաղորդում։ 

Նախապատրաստված նյութերն ստացվել են Արաբկիրի քննչական բաժնում։

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, եւ Զ.Հովհաննիսյանը պնդել է իր բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հունվարի 15-ին հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։