Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում բնակվող Վարդանյանների երիտասարդ ընտանիքը տունը ննջասենյակի հատակի փայտերով  է տաքացնում: Ընտանիքի մայրը՝ Զոյա Ավագյանը, NEWS.am-ին պատմեց, որ վառելիք գնելու համար գումար չունենալու պատճառով քանդել են ննջասենյակի հատակը ու փայտը օգտագործել որպես վառելիք:

«Ես էլ, ամուսինս էլ հիվանդ ենք, չենք կարողանում աշխատել: Անգամ հաց գնելու գումար չունենք, ուր մնաց վառելիք առնենք: Մի կերպ յոլա ենք գնում, ձմեռվա կեսին արդեն հատակի փայտերն էլ են վերջանում, հարեւանս է օգնել, ցախ է տվել, որ վառենք, չմրսենք»,-պատմեց Զոյա Ավագյանը:

25-ամյա Զոյան ու 24-ամյա Համբարձումը 6 տարվա ամուսիններ են եղել, երբ  Համբարձումը 2015թ. ամռանը զորակոչվել է  պարտադիր ժամկետային ծառայության, սակայն  ծառայության ժամանակ ի հայտ եկած առողջական խնդիրների պատճառով ոչ պիտանի է ճանաչվել ծառայության համար եւ տուն վերադարձել: Համբարձումի մոտ գլխի ուռուցք է ախտորոշվել, 24-ամյա տղամարդը  հաճախ է  գիտակցությունը կորցնում, այդ պատճառով էլ չի կարողանում աշխատել, գումար վաստակել իր ընտանիքին՝ կնոջն ու 4-ամյա դստերը պահելու համար:  

«Ամուսինս հաճախ է գիտակցությունը կորցնում, նրան բուժում է հարկավոր, բայց մենք անգամ հացի փողի գումար չունենք, ուր մնաց Համաբարձումի բուժման: Մեզ համագյուղացիները ինչով կարողանում օգնում են, 30 հազար օգնություն ենք ստացել, էդ փողին ալյուր, մակարոն ենք գնել ու ինչքան ժամանակ է դրանով յոլա ենք գնում: Մենք հաշմանդամության նպաստ չենք ստանում, դեռ չենք գրանցվել, ասում են պետք է փող տանք, որ ձեւակերպեն»,-ասում է Զոյան:

Վարդանյանների երիտասարդ ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 093404151 հեռախոսահամարով: