Բանակում խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների մայրերի` ոստիկանների դեմ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշուման դեմ բողոքի վերաբերյալ վճիռը սահմանված օրը չի հրապարկվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանակում զոհված Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը:
Իրինա Ղազարյանի խոսքով` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը հունվարի 11-ին պետք է հրապարակեր որոշումը, սակայն նիստից 5 րոպե առաջ են իրենք տեղեկացել, որ դատավորը տեղափոխվել է այլ դատարան, եւ իրենց գործը պետք է քննի եւ դրա վերաբերյալ որոշում կայացնի մեկ այլ դատավոր:
«Կարո՞ղ էին չէ զանգել, ասել, որ նիստը տեղի չի ունենալու, իրենց մոտ դա լավ է ստացվում, բայց, ոչ, հեռու տեղերից մայրերը եկել, հասել էին դատարան, նոր հայտնում են, որ ամսի 8-ի որոշմամբ դատավորը այլ դատարան է տեղափոխվել:
Մեր գործը նոր դատավոր պիտի ուսումնասիրի, անցնի որոշ ժամանակ, նոր վճիռը կայացնի: Այսինքն սա իրենց հերթական խաղերն է, տեսանյութով պարզ երեւում է, էլ ի՞նչ պիտի ուսումնասիրեն»,-ասաց տիկին Իրինան:
Իրինա Ղազարյանը նշեց, որ բանակում զոհված մյուս զինծառայողների հետ դիմել են Վճռաբեկ դատարան` տեղեկացնելու իրենց խնդրի վերաբերյալ:
Սեւազգեստ մայրերին խոստացել են հաջորդ դատական նիստի վերաբերյալ պատշաճ ծանուցել` ասելով «Տիկիններ, մի մտածեք, առանց ձեզ վճիռ չի լինի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա անցկացնող կանանց նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու դեպքի առիթով: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, այն պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Ավելի ուշ, քրեական գործը կարճվել էր:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ՝ իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում:




























