Սյունիքի մարզի Շաղատ գյուղում բնակվող 45-ամյա Պետրոս Կարախանյանն արդեն 5 տարի է իր երեխաների հետ ապրում է գյուղի նախկին մշակույթի շենքում: Ընտանիքի մայրը 5 տարի առաջ լքել է Պետրոսին ու 6 երեխաներին, այժմ Պետրոսը միայնակ է խնամում իր 3 անչափահաս երեխաներին, մեծ տղան ծառայում է, իսկ դուստրն ու լսողության խնդիրներ ունեցող 18-ամյա որդին ապրում են հարևանների հետ: Հարևանները երեխաներին մեծացնում են սեփական երեխաների նման, սիրում են նրանց ու խնամում:
Պետրոսը արցախյան պատերազմի մասնակից է եղել, սակայն այժմ մշտական աշխատանք չունի, երեխաներին պահելու գումար վաստակելու համար տարբեր աշխատանքներ է անում: Ընտանիքի ամսական բյուջեն կազմում է մոտ 80 հազար դրամ, ձմռանը տունը տաքացնում են հարեւանների տված վառելիքով:
Բացի ընտանիքին պահելու համար գումար վաստակելու հոգսից, Պետրոսի ուսերին է նաեւ 3 անչափահաս երեխանրի շորերը լվանալու, նրանց համար ճաշ պատրաստելու հոգսը:
Պետրոսի հետ բնակվող 1-ին, 2-րդ և 6-րդ դասարանում սովորող երեխաները զրկված են ոչ միայն ապրելու համար անհրաժեշտ ամենամինիմալ պայմաններից, այլեւ չունեն նորմալ հագուստ, կոշիկ, քնելու համար մահճակալ:
Պետրոսին ու նրա երեխաներին անհրաժեշտ է օգնություն, երեխաները մեր օգնությամբ կարող են ունենալ հագուստ, ուտելիք եւ տաք անկյուն:





























