Հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում հունվարի 4-ին մահացած 21-ամյա Անզոր Կարապետյանին հարազատները տեսել են դեպքից ժամեր առաջ՝ երբ կայացվել է կալանքի որոշումը, նա լավ է եղել:  Նրա հորեղբայրը՝ Բուզանդ Կարապետյանը NEWS.am-ին պատմեց, որ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելուց 16 ժամ անց իմացել են, որ նա մահացած է:

«Էջմիածնի դատարանը վճռեց կալանավորել , տարան, իրանց սեւ գործը արեցին: Ինքը մինչեւ էդ լավ էր»,- ասաց հորեղբայրը:

Բուզանդ Կարապետյանը պատմեց, որ Կարենը մեղադրվել է դանակահարության մեջ:

«Կռիվ է եղել Հոկտեմբերյանում, մի 10 հոգով կռիվ են արել: Ինքն էլ մեկին մի թեթեւ քերծել է: Բոլոը փախել են, էդ մի տղեն գնացել է հիվանդանոց, ասել է՝ ընկել եմ: 4 օր հետո դուրս է գրվել հիվանդանոցից, թեթեւ քերծվածք է եղել, 60 հազար դրամ փող են ծախսել բուժման վրա»,- ասաց նա:

Բուզանդ Կարապետյանի խոսքով՝ դանակահարված տղան չի բողոքել, այնուամենայնիվ, դատարանը որոշել է կալանք կիրառել:

«Ամբողջ գլուխգործոցը դատապաշտպանն ա արել: Մենք խաբար էլ չենք եղել ով ա: Ինքը ասել ա՝ սենց գրի, նենց գրի, կգնաս ձեր տուն, բայց նենց են արել, որ կալանավորել են»,- ասաց նա:

Հորեղբայրը պատմեց, որ Անզորը ամռանն էր վերադարձել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, պատրաստվում էր պայմանագրային զինծառայող դառնալ: Փետրվարի 13-ին նա 21 տարեկան կդառնար:

Նշենք, որ մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՔՕ 110 -րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): 

Հիշեցնենք, որ Անզոր Կարապետյանի մահվան վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի եղել: 2016 թ. հունվարի 11-ին նրա հարազատները դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:  Հարազատները ասել են, որ «Արմավիր» ՔԿՀ-ից իրենց հայտնել են, որ Ա․Կարապետյանը ինքնասպանություն է գործել, մինչդեռ իրենք այդ վարկածին չեն հավատում, քանի որ 21-ամյա տղայի մարմնի վրա բռնության հետքեր են եղել, ներքին օրգանները վնասված են եղել:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տեղեկության՝ Անզոր Կարապետյանը մահանալուց ժամեր առաջ է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Նա 2015 թ. դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում մասնակցել է ծեծկռտուքի, ինչից հետո ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետեւ 2016 թ. հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորել եւ տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: