Այս պահին դեռ հնարավոր չէ ասել Երեւանի Արին Բերդի փողոցում «Ֆլեշ» ընկերության պահեստում խոշոր հրդեհի բռնկման պատճառը, փորձաքննությունը դա ցույց կտա։ Այս մասին դեպքի վայրում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ՏԿԱԻՆ Շենգավիթի բաժնի պետ, կապիտան Ահարոն Գեւորգյանը։
«Մեր ջոկատը երբ ժամանել է դեպքի վայր, հրդեհն արդեն բռնկված է եղել։ Տղաներին հաջողվել է հովացնել կողքի ռեզերվուարները՝ հետագա բարդություններից խուսափելու հմար։ Բարեհաջող իրականացվել է հրդեհաշիջումը եւ չեն վնասվել կողքի ռեզերվուարները։ Ամբողջությամբ այրվել է բենզինի մեկ ռեզերվուար»,-ընդգծեց նա։
Գեւորգյանի խոսքով, այս պահին հնարավոր չէ ասել, արդյոք կողքի ռեզերվուարներից արտահոսք եղել է, թե ոչ, դա ցույց կտան փորձաքննության արդյունքները։
Նշենք, որ նախնական տեղեկություններով, այրված ռեզերվուարում եղել է մոտ 700 տոննա պահեստավորված բենզին, սակայն կոնկրետ չափը դեռ հայտնի չէ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արին Բերդ փողոցի 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում:
Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, հարավ կովկասյան երկաթուղուն պատկանող հրշեջ գնացքը եւ մեկ ավտոսանդուղք:
Այրվել է առաջին ցիստեռնը, իրականացվել են երկրորդ ցիստեռնի հովացման աշխատանքներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել՝ 13.51-ին:
Կատարվել են հետհանգեցման աշխատանքներ:






























