Այս վիճակում շատ դժվար է ասել վնասի չափը, ամենակարեւորն այն է, որ մեր տղաներից տուժողներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ֆլեշ» ընկերության Արին Բերդի փողոցում գտնվող պահեստի տնօրեն Սուրեն Մանուկյանը՝ անդրադառնալով պահեստում բռնկված խոշոր հրդեհին (ֆոտոռեպորտաժ)։
«Ես այս վիճակում դժվարանում եմ խոսել, ինձ համար կարեւորն այն է, որ մեր տղաներից տուժողներ չեն եղել։ Ընդհանուր աշխատանքի ժամանակ բռնկում է տեղի ունեցել, կոնկրետ պատճառը չեմ կարող ասել»,-ընդգծեց տնօրենն ու հավելեց. «Այստեղ իմ աշխատանքի 20 տարվա ընթացքում նման բան տեղի չի ունեցել»։
Նա հրաժարվեց այլ մանրամասներ հայտնեց, հավելելով, որ շատ բան չի կարող ասել, քանի որ միայն շահարկներից հետո պարզ կլինի վնասի չափը։
Նշենք, որ նախնական տեղեկություններով, հրդեհի հետեւանքով այրված մեկ ռեզերվուարում մեկ մլն լիտր բենզին է եղել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արին Բերդ փողոցի 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում:
Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, հարավ կովկասյան երկաթուղուն պատկանող հրշեջ գնացքը եւ մեկ ավտոսանդուղք:
Այրվել է առաջին ցիստեռնը, իրականացվել են երկրորդ ցիստեռնի հովացման աշխատանքներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել՝ 13.51-ին:
Կատարվել են հետհանգեցման աշխատանքներ:

.jpg)
.jpg)
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյան/NEWS.am




























