Հայաստանի ընդդիմության շահերից է բխում բաց չթողնել ապագա Ընտրական օրենսգրքի քննարկումն ու ընդունումը։ Այս մասին հունվարի 18-ին լրագրողներին ասել է Միջազգային հարցերի եւ անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը մշտապես իր առաջ գերխնդիր է խնդում՝ փոխել իշխանությունը՝ անտեսելով առօրյա գործերը։ Իշխանափոխություն չկա ու չկա, իսկ հարցերը մնում են չլուծված, ինչպես որ դա եղավ Եվրամիության եւ Սահմանադրական բարեփոխումների դեպքում։ «Հիմա ընդդիմությունը պետք է հասկանա, որ իր առջեւ դրված գլխավոր նպատակը Ընտրական օրենսգիրքն է։ Եթե այդշսպես շարունակվի, իշխանությունները այն կկազմեն այնպես, ինչպես ուզենան։

Իսկ ընդդիմությունը ոչ մի կերպ դուրս չի գալիս կախարդված շրջանից. իշխանություններին իր առաջարկներն է ուղարկում, իսկ երբ դրանք չեն ընդունվում, նեղացած տեսքով ցույցի են գնում։ Երբ ընդդիմադիրներին հարցնում ես, թե ինչ են ուզում նրանք անել նրանք ասում են՝ թող իշխանությունները բարի լինեն կարդան մեր առաջարկները, այնտեղ շարադրված է մեր դիրքորոշումը։ Իսկ եթե իշխանությունները բարի չեն եւ չեն կարդու՞մ։ Այդ դեպքում ին՞չ»,- ասել է Սաֆարյանը։

Քաղաքագետի կարծիքով հիմա ընդդիմությունն իրական շանսեր ունի՝ թույլ չտալու, որ իշխող կուսակցությունը միայնակ գրի եւ ընդունի օրենսգիրքը։ Հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է ոչ թե պատգամավորների ձայների կեսը, այլ 3/5-ը։

Հարցին, թե ընդդիմությունը գիտակցում է արդյոք, որ միավորվելու դեպքում իրոք կարող է լուծել իր համար կարեւոր հարցը, Սաֆարյանը պատասխանեց. «Ոմանք գիտակցում են նաեւ այլ բան. իշխանությունների հետ խորհրդարանում ապագա տեղերի համար սակարկելու հնարավորությունը։ Քաղաքականությունը ամենամեծ բիզնեսն է։ Դա վերաբերում է նաեւ ընդդիմությանը»։